Ինչպես ենք մենք հսկում
ՀՀ կենտրոնական բանկի կողմից հսկողության իրականացման գործընթացը ներառում է հետևյալ 3 փուլերը՝
- Մոնիթորինգ և վերլուծություն
ՀՀ ԿԲ-ի կողմից վճարահաշվարկային և արժեթղթերի հաշվարկային համակարգերի պարբերական մոնիթորինգն իրականացվում է հսկողության խնդիրների ապահովման նպատակով՝ համակարգի ընթացիկ գործունեությունը դիտարկելու, վերլուծելու, տեղի ունեցած միջադեպերի և դրանց հետևանքները ուսումնասիրելու համար: Վերջինս իրենից ներկայացնում է համակարգերի գործունեության ընդհանուր գնահատում:
Հավաքագրվող տեղեկատվությունը ոչ միայն քանակական և ծավալային ցուցանիշների մասին վիճակագրական տվյալներ են՝ ընդհանուր վերլուծություն իրականացնելու համար, այլ նաև որակական բնույթի այլ տեղեկատվություն (այդ թվում-ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների ներքին աուդիտի և/կամ անկախ աուդիտորական կազմակերպության գնահատման արդյունքներին առնչվող), որը հնարավորություն կտա վերլուծություն անել՝ ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների գործունեության ռիսկայնության, ռիսկերի կառավարման միջոցառումների, տեխնիկական միջավայրի, տեղի ունեցած միջադեպերի և խափանումների, գործունեության թափանցիկության, ինչպես նաև գործունեության կանոններում իրականացված փոփոխությունների վերաբերյալ:
ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է հսկողության շրջանակում ներառված Հայաստանյան վճարային և հաշվարկային համակարգերի գնահատում՝ հիմնվելով Միջազգային հաշվարկների բանկի կողմից սահմանված «Ֆինանսական շուկայի ենթակառուցվածքներին ներկայացվող սկզբունքները» փաստաթղթով սահմանված սկզբունքների (պահանջների) վրա։ Գնահատման նպատակն է երաշխավորել, որ համակարգի գործունեության կանոնները և գործընթացները ապահովեն համակարգում ռիսկերի կառավարումն ու նվազեցումը, և որ ռիսկերի կառավարմանն ուղղված մեխանիզմները/ միջոցառումները բավարար լինեն ցանկացած տեսակի խնդիրների հաղթահարման համար:
- Փոփոխությունների իրականացմանը նպաստում
ՀՀ վճարահաշվարկային և արժեթղթերի հաշվարկային համակարգերի գնահատման արդյունքը կարող է լինել դրական՝ սահմանված բոլոր պահանջները բավարարելու կամ հիմնականում բավարարելու դեպքում, մասնակի կամ լրիվ բացասական՝ եթե պահանջները մասնակի են բավարարվում կամ չեն բավարարվում։ Գնահատման արդյունքները և ըստ յուրաքանչյուր սկզբունքի դիտարկումները ներկայացվում և քննարկվում են գնահատվող վճարային և հաշվարկային համակարգի օպերատորի հետ, որը կարող է ներկայացնել իր հիմնավորումները։
Գնահատման հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ ԿԲ ղեկավարությանը։ Իրավական խախտումներ հայտնաբերելու դեպքում ՀՀ ԿԲ-ն կարող է կիրառել ՀՀ օրենսդրությամբ սահմանված վերահսկողական ներազդման լծակներ: Օրենսդրական բացեր հայտնաբերելու դեպքում՝ ՀՀ ԿԲ-ն կարող է հանդես գալ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ։
ՀՀ ԿԲ-ի կողմից վճարահաշվարկային համակարգի հսկողության բնագավառում իրականացվող վերլուծությունների արդյունքները արտացոլվում են ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակվող ֆինանսական կայունության հաշվետվություններում: 2011-2012 թթ.-ի ընթացքում ՀՀ ԿԲ-ի կողմից կատարվել է Կենտրոնական բանկի Էլեկտրոնային վճարումների համակարգի ամբողջական գնահատում, իսկ 2022-2023թթ.-ի ընթացքում գնահատվել է Հայաստանի կենտրոնական Դեպոզիտարիայի «Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգը»: Կարդալ ավելին: